top of page

 

Ալաթալա, լքված բնակատեղի, որը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Նորաշեն գյուղից դեպի հարավ, Խնձորուտի լեռնաշղթայի ավելի բարձրադիր սարահարթում։

Պատմություն

Ալաթալան կազմավորվել է 1910-ականներին, որի բնակիչները եկել էին Կուր գետի ափին գտնվող հայկական Կրզեն գյուղից։ Այնտեղ 1926 թվականին բնակվում էին 65 մարդ, իսկ 1939-ին՝ 72։ Հետագա տարիներին Ալաթալանն վերացել է և բնակիչները հիմնականում տեղափոխվել են Նորաշեն գյուղ։ Ալաթալայից մի քանի ընտանիք էլ բնակություն են հաստատել Ղրղի գյուղում (բայց դրանց մի մասը հետագայուն Նորաշեն է տեղափոխվել)։

Նորաշենի կիկլոպյան ամրոցը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նորաշեն գյուղի հարավ-արևմտյան կողմում գտնվող կիկլոպյան ամրոց-դամբարանաբլուր է։

Տեղի բնակչւոյթւոնը այս ամրոցը անվանում է «պլյուր պատ» կամ «պիլոր պատ»։

Համաձայն ամրոցի բլրի վրա տեղադրված տախտակի, այն կառուցվել է մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակում։

Պեղումներ

ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական ջոկատը պատմական գիտությունների թեկնածու Ս. Ա. Եսայանի ղեկավարությամբ ուսումնասիրել է Հայկական ԽՍՀ հյուսիս-արևելյան շրջանների հնագիտական հուշարձանները։ Միայն Շամշադինի շրջանում բրոնզի և երկաթի դարաշրջանների հուշարձանների ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվել ու պեղվել են տասից ավելի կիկլոպյան ամրոցներ։ Այդ թվում նաև 1970 թվականին պեղվել է Նորաշեն գյուղի ամրոց-բնակավայրը, որը գտնվում է գյուղից ամառանոց տանող ճանապարհի ձախ կողմում։

Ճարտարապետություն

Ամրոցը տեղավորված է ժայռոտ բլրի վրա, ամրացված երկշարք պարիսպներով, որոնք կրկնում են բլրի ընդհանուր ձևերը։ Պարսպապապատը, որն ունի մինչև 3 մ հաստություն, շարված է մեծածավալ քարերից։ Բնակավայրի գրաված տարածությունը մոտավորապես 1,5 հեկտար է և այժմ ծածկված է խիտ անտառով և ճիմահողով, որը դժվարացնում է ամրոցի ուսումնասիրությունը։ Նշված տարածությունից հնարավոր է եղել պեղել 500 քառակուսի մետր, չորս հետախուզահորերի (շուրֆերի) ձևով։ Երեք հետախուզահորերում բացվել են պատերի շարվածքներ։ Առաջին հետախուզահորում բացվել են երկու զուգահեռ պատեր, իրարից 5 մետր հեռավորությամբ, 1,2 - 1,4 մ լայնքով, 1,5 - 2,5 մ երկարությամբ, տեղ-տեղ 0,4 - 0,7 մ բարձրությամբ։ Սակայն այս տվյալները հնարավորություն չեն տալիս որոշելու շինության ինչ լինելը։ Մյուս հետախուզահորերում բացված շարվածքները ավելի վատ են պահպանված։ Նյութական մշակույթի շերտը (0,7 մ հաստությամբ) ընկած է այս պատերին կից, անմիջապես ժայռի վրա։ Չնայած այս ոչ մեծ խորությանը, շերտը հարուստ է խեցեղենով, մետաղյա զենքերով ու գործիքներով, զարդերով, քարե և ոսկրե իրերով։

Հայտնաբերած իրեր

 

Ամրոցի մասին վկայող տախտակ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քանի որ չորս հետախուզահորերի նյութերը ամբողջապես նույնատիպ են և վերաբերում են միևնույն ժամանակաշրջանին, ուստի նրանք քննարկվում են միասին և ըստ տեսակների։ Խեցեգործական արտադրանքը ներկայացված է խիստ բեկորային վիճակում, ամբողջացող միայն մեկ սափորիկ կա։ Սակայն գտնված անոթների շուրթերի, պսակների, հատակների համեմատությունը նույն ժամանակաշրջանով թվագրվող հայտնի նյութերի հետ, հնարավորություն է տալիս վերականգնել դրանց ձևերը և խմբավորել։ Այդ ձևերը բազմազան են՝ կան կարասներ, կճուճներ, սափորներ, քրեղաններ, ըմպանակներ, ձձումներ և այլն։

Կարասների բերանների բացվածքները լայն են (տրամ. 0,20 - 0/40 սմ), իսկ նստուկները համեմատաբար փոքր (տրամագիծը մինչև 20 սմ) է, բոլորն էլ պատրաստված են թրծումից գորշ-շագանակագույն կամ կարմիր-աղյուսագույն դարձած ավազախառն կավից։ Խեցին կոպիտ է, թրծումը անհավասար։ Բեկորների հաստությունը 14 - 16 սմ է։ Բոլոր կարասները որպես կանոն ուսերին կամ իրանի լայն մասում կրում են հում կավի վրա հատուկ սանրաձև հարմարանքով արված բազմաշարք, ուղիղ, ալիքաձև և ուռուցիկ գոտիների ձևով զարդանախշ։ Ուռուցիկ գոտիներն էլ իրենց հերթին զարդարված են շեղ, միմյանց զուգահեռ ակոսներով, ձվածիր փոսիկներով և եղունգով արված նախշերով (տախտ. I , 1, 2, 3)։ Ըստ չափերի և պսակների ձևավորման առանձնանում են կարասների չորս տարբերակներ։ Մի տարբերակի կարասներն ունեն մեծ չափեր, ձևավոր պսակներ, կարճ վզեր և աստիճանաբար լայնացող ուսեր (տախտ. I , 5)։ Զարդագոտիները տեղադրված են նրանց ուսերին և իրանի ամենալայն մասում։ Մյուսի պսակները պարզ են, շուրթերը դուրս են հակված կլորավուն թմբիկով (տախտ. I , 7)։ Երրորդ տարբերակի կարասները (տախտ. 1, 6) բոլորովին զուրկ են վզի մասից, և թմբիկավոր շուրթը, որը որոշ դեպքերում կախված է կարասի արտաքին մակերեսի վրա, ուղղակի նստած է իրանի պատին։ Զարդագոտին սկսվում է շուրթի տակից և դատելով պահպանված բեկորներից, շարունակվում է մինչև կարասի կեսը[1]։ Չորրորդը (տախտ, I , 4) ունի իրանի արտաքին մակերեսի վրա շուռ եկած տարրեր չափերի տափակավուն շուրթ և սեղանաձև կանթեր՝ հարդարված երկու կամ չորս խոր ակոսներով։ Այս կարասները կրում են նաև փայլեցման հետքեր։ Կարասների բոլոր տարբերակները իրենց մերձավոր զուգահեռներն ունեն Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանների ամրոցների համալիրներում, ինչպես նաև Հայաստանի մյուս հուշարձանների 6-3 դդ. թվագրվող նյութերի մեջ (Արին-բերդ, Խրաանոց, Արմավիր, Գառնի)[2]։ Դրանք հիմնականում տեղական ավանդույթներով զարգացող խեցեղենի անբաժան մասն են կազմում և հանդիպում են ուրարտական ժամանակներից սկսած մինչև մ.թ.ա. առաջին դարերը։ Կախեթից, ինչպես նաև Շոշի աքեմենյան բնակավայրի առաջին հորիզոնից հայտնաբերված նույնատիպ կարասները ևս թվագրվում են այս դարերով։

Սուրբ Աստվածածին եկեղեցի, ամբողջապես ոչնչացված Հայ Առաքելական եկեղեցու տաճար էր Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նորաշեն գյուղում։

Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցված է եղել 1903-1907 թթ. (կամ վերանորոգվել) Նախիջևանի վարպետների կողմից։ Տաճարը քանդել են 1935 թվականին։ Համաձայն գյուղի բնակիչների, եկեղեցին գտնվում էր գերեզմանոցից ներքև իջնող ճանապարհի վրա կառուցված հանրախանութի տեղում։

Ճարտարապետություն

Համաձայն 19-րդ դարի վերջին գյուղը այցելած եպիսկոպոս Մակար Բարխուդարյանցի «Արցախ» գրքում բերված տեղեկությունների, Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին «հոյակապ կառույց» էր, կանգնած էր չորս սյուների վրա։ Երկարությունը կազմում էր 19 մետր 75 սանտիմետր, լայնությունը՝ 10 մետր 45 սանտիմետր։ Եկեղեցին մեկ քահանա ուներ։

bottom of page